Իրավապահներն սկսել են ուսումնասիրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ ներկայացուցիչ Նարեկ Բաբայանի գործունեությունը, ունեցվածքը, բիզնես գործերը և «հետաքրքիր» նյութեր են հայտնաբերել, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ Բաբայանի ընկերոջը պատկանող «Աննար» ընկերությունն է իրականացնում կոմբինատի հողային աշխատանքները, տրանսպորտային փոխադրումները, և Բաբայանը մեծ դեր է ունեցել մի շարք ընկերությունների պայմանագրերը դադարեցնելու, ընկերոջ ՍՊԸ-ին պատվերներ վստահելու հարցում։
«Բացի այդ, տարբեր մեքենայությունների պոչերն էլ են դեպի Բաբայան տարել»,- հայտնել է թերթը։
Ըստ թերթի՝ Բաբայանի դեմ գործողություններն իրականացվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, քանի որ նա «զայրացած է Սյունիքի բոլոր ՔՊ ներկայացուցիչների վրա»:
«ԶՊՄԿ-ի կոմերցիոն դեպարտամենտի մատակարարման բաժնի պետ Սերգո Գալստյանին, որը Բաբայանի մտերիմներից է, օրերս ուղարկել են արձակուրդ, որից նա, ըստ որոշ լուրերի, չի վերադառնալու: Ավելին՝ հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ, ու նրա միջոցով էլ դուրս գան Նարեկ Բաբայանի վրա»,- հայտնել է թերթը։