2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանումը Բաքվի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության վերջին փուլն էր, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն։
«Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը»,- հիշեցրել է գերատեսչությունը։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ տեղահանությունն իրականացվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ամբողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման հրամայականը՝ դատապարտելով ուժի կիրառման, միջազգային նորմերի, մարդու իրավունքների խախտումների դրսևորումներն աշխարհի տարբեր անկյուններում։
«Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները. վերջին մեկ տարվա իրադարձություններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի, խաղաղության հաստատման հնարավորություն տվող գաղափարների, քայլերի կյանքի կոչման կարևորությունը»,- նշել է ԱԳՆ-ն։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում ՀՀ դիրքորոշումը հստակ է. խաղաղության և հարաբերությունների շուտափույթ հաստատում՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, տարածաշրջանում կայուն զարգացման, արդյունավետ փոխկապակցվածության, բարեկեցության ապահովման տեսլականի վրա։
«Վերջինիս կյանքի կոչման՝ այս պահին առկա հնարավորությունը բաց չթողնելու և սերունդների համար առավել կայուն ու արժանապատիվ կյանքի համար նպաստավոր միջավայր ձևավորելու նպատակով այս հարցում շահագրգիռ մյուս դերակատարներից ակնկալում ենք անհրաժեշտ քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ գերատեսչության՝ անցնող մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը, այդ թվում նաև՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հասցեագրելու ԼՂ տեղահանված հայերի առաջնային և միջնաժամկետ կարիքները, ինչպես նաև մշակելու երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ ծրագրեր։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։