ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ կազմակերպությունը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, գոյությանը, ինքնիշխանությանը և պետականությանը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին Համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ նման հայտարարությունները «հակասում են ողջախոհությանը»։
«Ինձ թվում է, որ դրանք (հայտարարությունները) հակասում են ողջախոհությանը և իրականությանը։ Որովհետև, եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ նրանք [Հայաստանը] դեռ մնում են այնտեղ [ՀԱՊԿ-ում]»,- Եվրասիական կանանց IV ֆորումի շրջանակներում ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ եթե մնում են (ՀԱՊԿ կազմում), դա նշանակում է, որ դրանում նպատակահարմարություն են տեսնում։
«Միաժամանակ ասում էին, որ ՀԱՊԿ-ը «դուրս եկավ Հայաստանից»։ Այս ամենը հակասում է ողջախոհությանը և տրամաբանությանը»,- նշել է նա:
Զախարովան կոչ է արել Հայաստանի իշխանություններին ականջալուր լինել ժողովրդի կամքին և դրա հիման վրա հայտարարություններ անել կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ, որն իրեն «արժանապատիվ, ամենաբարձր աստիճանի» է դրսևորել։
«Պետական պաշտոնյաներն օժտված են լիազորություններով, այդ պատճառով էլ ժողովուրդը նրանց է հանձնում իշխանությունը, որպեսզի նրանք իրենց պատասխանատվությամբ պահեն և հայտարարություններ անեն՝ ելնելով ժողովրդի կամքից և երկրի շահերից։ Պետք է այս ամենը ձևակերպել և ասել այն կազմակերպության նկատմամբ վերաբերմունքի մասին, որն իրեն դրսևորել է չափազանց պատասխանատու և արժանապատիվ մասնակից երկրների նկատմամբ»,- հավելել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր, որ Կրեմլը կտրականապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում և որ կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար։