74 տարեկանում մահացել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, գրել է «Ժողովուրդ»-ը։
Գեղամյանը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում։ 1979-1986 թթ. հանդիսացել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի օգնականը, 1987-1989 թթ․՝ Երևանի ՀԿԿ Մաշտոցի շրջանային կոմիտեի առաջին քարտուղարը։
1989 թվականին դարձել է Երևանի քաղաքապետ։ 1990 թվականի մայիսին նա դադարեցրել է իր անդամակցությունը ԽՄԿԿ-ին, իսկ նույն թվականի դեկտեմբերին հրաժարվել քաղաքապետի պաշտոնից։
Գեղամյանը 1999-2007 թթ․ հանդիսացել է Ազգային ժողովի տարբեր գումարման պատգամավոր, 1999-2003թթ.՝ Օրենք և միաբանություն խմբակցության ղեկավար։ 2012 թվականի մայիսին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2017 թվականին վերընտրվել է պատգամավոր, հանդիսացել է ՀՀԿ խմբակցության անդամ։
Վերջին տարիներին զբաղեցրել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահի պաշտոնը, հանդիսացել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության և «Խորհրդարանականներ հանուն գլոբալիզացիայի» միջազգային խորհրդարանական կազմակերպության անդամ։