ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է մի խումբ քաղաքացիների՝ սեպտեմբերի 19-ին «Եռաբլուրից» հետո ռեստորան գնալու համար։
«Երեկ Եռաբլուրում տեսախցիկների առջև Արցախի համար ողբացողների մի խմբակ երեկոյան «ողբը» շարունակել է ռեստորանում` զուռնա-դհոլի տակ»,- գրել է նա։
Չախոյանը նշել է, որ հայրենասիրության այս մոդելը չպետք է տեղ ունենա մեր կյանքում, իսկ դրա կրողները` հանրային կյանքում:
«Երբ հայրենասիրությունը սահմանափակվում է միայն տեսախցիկների առջև ողբալով ու սեղանի շուրջ կենացներ ասելով՝ արդյունքը լինում է այն՝ ինչ եղավ։ Երբ տեսախցիկների առջև խոսում են պետականաշինությունից, զուգահեռ թալանելով բյուջեն, արդյունքը լինում է այն` ինչ եղավ: Երբ տեսախցիկների առջև խոսում են բանակը հզորացնելուց, իսկ առաջնագիծը կահավորում են կանսեռվի կոկոշներով, արդյունքը լինում է այն` ինչ եղավ»,- նշել է Չախոյանը:
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, ադրբեջանական զինուժն Ասկերանի շրջանում՝ ականանետի կիրառմամբ, խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը։ Սեպտեմբերի 24-ին Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր Արցախից վիրավորներով ԿԽՄԿ 23 մեքենայի Լաչինի միջանցքով անցնելու մասին։ Նույն օրն սկսվել էր հանրապետության բնակչության զգալի մասի արտագաղթը։ Armenia Today-ը սեպտեմբերի 26-ին այցելել էր Կոռնիձոր և զրուցել տեղահանվածների հետ։ Հոկտեմբերի 6-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը կազմել էր 100 632 մարդ։