Մոսկվան սպասում է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան հանգամանքների հետաքննության դատական փուլի մեկնարկին։ Ադրբեջանի ԶՈւ-ի հարձակման հետևանքով ռուս զինվորների սպանությունից մեկ տարի անց ադրբեջանցի զինվորականների նկատմամբ դատավճիռների բացակայությունն այսպես է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երկու երկրների գլխավոր դատախազություններն ու քննչական մարմիններն այս հարցի շուրջ սերտ կապի մեջ են։ Խաղաղապահների մահվան հանգամանքների հետաքննությունն իրականացվում է քրեական գործերի շրջանակներում։ Դրանք հարուցված են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ռուսաստանում։ Մենք ակնկալում ենք, որ շուտով կսկսվի դատական փուլը։ Ըստ իս՝ այն դռնբաց կլինի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
2023-ի սեպտեմբերի 20-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինծառայողները զոհվել են։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում ներողություն էր խնդրել Արցախում ռուս խաղաղապահների մահվան համար՝ խոստանալով դրամական օգնություն ցուցաբերել նրանց ընտանիքներին և մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։