Ռուսաստանի նկատմամբ պարբերաբար լսվող պնդումների պատրվակով Հայաստանի ղեկավարությունը սահմանափակում է Մոսկվայի հետ քաղաքական երկխոսությունը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելել է, որ Երևանը նույնպես «ինչ-ինչ պատճառներով» կրճատում է Մոսկվայի հետ միջգերատեսչական համագործակցությունն «ի տարբերություն Արևմուտքի հետ մերձեցման արագացված տեմպերի», և դրանում կա «ինչ-որ մանիպուլյատիվություն»։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան հանդես է գալիս Երևանի հետ լայնածավալ երկկողմ երկխոսության օգտին և փորձում մանիպուլյատիվ հռետորաբանությունից վերադառնալ իրական, լիարժեք փոխգործակցության, ներառյալ՝ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության:
«ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը կարծես տարբեր երկրներ են։ Այն երկրները, որոնք ԵԱՏՄ-ի մաս են կազմում, նաև ՀԱՊԿ-ի մաս են կազմում։ Դե, իհարկե, կան նրբերանգներ, բայց սկզբունքորեն մենք հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը։ Սա խոսում է այն մասին, որ Արևմուտքը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի միջազգային քաղաքականության վրա։ Իսկ այս մասին խոսում են արևմտյանները։ Մենք սրանով չենք եկել, դրանք ուղղակի մեջբերումներ են արևմտյան երկրներից, որ Հայաստանը պետք է տանեն մեկ այլ տեղ, վերահանձնեն իրենց կառույցներին, ներառեն ինչ-որ տեղ, բայց, միևնույն ժամանակ, կտրեն նրա փոխգործակցության հնարավորությունները։ Ուստի, ցավոք, սա արտացոլված է Երևանի քաղաքական հռետորաբանության մեջ»,- ընդգծել է Զախարովան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարման քննարկմանն հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։
Օգոստոսի 20-ին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել էր ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հանդեպ պարտավորությունների անփոփոխ լինելու մասին։