Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Սփյուռքն ու Հայաստանը միմյանց համար «կառավարման ինստիտուտներ» չեն, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետի կարծիքով՝ կարևոր է գործառույթները հստակ բաժանել և արձանագրել, որ Սփյուռքը, որքան էլ կարևոր, թանկագին է, բայց ՀՀ կառավարման ինստիտուտ չէ, և հակառակը՝ ՀՀ-ն, որքան կարևոր և սիրելի է Սփյուռքի համար, Սփյուռքի կառավարման ինստիտուտ չէ:
«Սա շատ կարևոր առանձնահատկություն է: Իսկ ինչպիսի՞ն են այդ հարաբերությունները. պետք է արձանագրել, որ այս հարցի ձևակերպումներն, իհարկե, կան, միշտ էլ եղել են, բայց այդ ձևակերպումների հարաբերությունն իրականության հետ մենք պետք է ճշգրտենք»,- նշել է նա:
Փաշինյանը «նոր իրադրության մեջ» այդ հարցի պատասխանները ձևակերպելու առաջարկ է ներկայացրել Սփյուռքի գործերի հանձնակատարներին:
Նա նշել է, որ իշխանությունների նպատակն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություներն ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն դարձնել։ Փաշինյանը ներկաներին կոչ է արել իրենց գործունեության ընթացքում կենտրոնացած լինել Հայաստանի և նրա շահերի վրա, Հայաստանը դարձնել ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ հանձնակատարների թիվն անցնում է մեկ տասնյակից, և աշխարհի տարբեր երկրներում հանձնակատարներ նշանակելու գործընթացը կրում է շարունակական բնույթ:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի գործառույթներին և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:
2021 թվականի նոյեմբերին Հայաստանի խորհրդարանն ընդունել էր օրինագիծ, որը նախատեսում է վարչապետի կողմից Սփյուռքի հարցերով հանձնակատարների նշանակում։ Հանձնակատարները նշանակվում են հասարակական հիմունքներով՝ խորհրդականի կարգավիճակով: