Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ անկախության 33-րդ տարեդարձը՝ նշելով, որ 1991-ին հանրաքվեի դրված հարցը պատասխանի կարիք ունի ամեն օր։
«Այդ օրվանից մեր երկիրն անցել է բազում փորձությունների միջով՝ պատերազմներ, հազարավոր զոհեր, շրջափակում, տնտեսական և քաղաքական ճգնաժամեր, արտագաղթ, որոնց հետևանքով մենք ավելի առարկայորեն հասկացանք, որ 1991-ին հանրաքվեի դրված հարցը պատասխանի կարիք ունի ամեն օր»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ այդ հարցին «պետք է պատասխանենք ոչ միայն ընտրական տեղամասում քվեաթերթիկի վրա նշում անելով, այլև մեր վարքով, բարքով ու գործունեությամբ»:
«1991-ի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝ պատասխանելու քվեաթերթիկի վրա գրված հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»: Այն ժամանակ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 95 տոկոսը «Այո» պատասխանեց հարցին, և ՀՀ-ն դարձավ անկախ պետություն»,- հիշեցրել է Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության գործունեության առանցքն ու նպատակը 1991 թվականի հանրաքվեի դրված հարցին ամեն օր գործնականորեն «Այո» պատասխանելն է, և գոհունակությամբ արձանագրել է, որ մեր երկրի անկախության մակարդակն օր-օրի աճում է ժողովրդավարության, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ:
«2018 թ․ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը հանդիսացել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա: Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020-ին անկախության կորստի եզրին հասնելով՝ իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն»,- նշել է նա:
Փաշինյանի խոսքով՝ «երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ անկախության հանրաքվե է: Ամեն օր անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր»: Ըստ վարչապետի՝ օրենքով սահմանված հարկերը վճարողն ասում է՝ «այո», թաքցնողը՝ «ոչ», ազնվորեն գործողն ասում է՝ «այո», կաշառք վերցնողը՝ «ոչ»:
«Կարևոր է ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ»,- եզրափակել է վարչապետը: