ՀԱՊԿ-ին Հայաստանի ինքնիշխանությանն սպառնացող ամենամեծ վտանգն այժմ ոչ թե ՀԱՊԿ-ն ու նրա հարևաններն են, այլ ներկայիս իշխանությունները, Armenia Today-ին հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից երկրի ինքնիշխանությանը սպառնալիք ստեղծելու մասին։
Փաշինյանը սեպտեմբերի 18-ին հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ կազմակերպությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության, գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի գործունեությունը լիարժեք կվերականգնեն, երբ Հայաստանի բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ։
«Այսօրվա իշխանություններն են ամբողջությամբ մեր գործունեության կառավարումը ստանձնել, իրենք պետք է գնահատականներ տան ռազմաքաղաքական իրավիճակին և դրանից ելնելով որոշումներ ընդունեն։ Երկրի ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն է, որպեսզի նրանք կարողանան ճիշտ որոշել անվտանգության միջավայրը, ճիշտ որոշեն ներքին և արտաքին սպառնալիքները և դրանից ելնելով ռազմաքաղաքական որոշումներ ընդունեն։ Իրենցն են ամբողջ լծակները՝ կառավարությունը, Անվտանգության խորհուրդը, խորհրդարանական մեծամասնությունը։ Բայց մենք եկել ենք այն եզրակացության, որ իրենք չեն կարողանում ճիշտ որոշել գերակայությունները։ Մեր երկրի ղեկավարությունը, փոխանակ լուրջ հարցերով զբաղվի, ինչերով են զբաղված»,- Հայաստանի անկախության տոնի առթիվ Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Օհանյանը։
Օհանյանը նշել է, որ չնայած բազմաթիվ սխալներին ու բացթողումներին, Հայաստանն ու Արցախը գոյատևել են զրկանքների և դժվարությունների միջով։ «Չի կարող լինել Հայաստանի Հանրապետություն առանց հայրենիքի գաղափարի, առանց հայրենասիրության, առանց այն պատմության, որի տարբեր էջերում, տարբեր ելևէջներում մենք և հաղթանակներ ենք ունեցել, և պայքարել ենք, և մաքառել ենք և ունեցել ենք նաև բացթողումներ։ Բայց այնուամենայնիվ, մեր նորօրյա պատմության ընթացքում մենք Արցախ ենք ազատագրել և, թեկուզ դժվար պայմաններում, շրջափակման մեջ գտնվելով, հայտարարված պատերազմի շրջանակներում և նաև երկրաշարժի ազդեցության պայմաններում կարողացել ենք պաշտպանել մեր հայրենիքը և պաշտպանել Արցախը։ Թեկուզ բազմաթիվ թերություններով, բացթողումներով, դժվարությունների, զրկանքների մեջ, Հայաստանն ու Արցախը պահվել են, և անվտանգությունն է օրըստօրե ավելացել՝ մեր ունեցած հնարավորությունների շրջանակներում, և բանակցային գործընթացն է ընթացել»,- նշել է նա։
Օհանյանը հավելել է, որ սխալներ բոլորն էլ ունեցել են, բայց պետք է աշխատել շտկել դրանք։
«Անսխալական մարդ չկա, ես էլ իմ աշխատանքի ընթացքում ունեցել եմ սխալներ, բայց այդ սխալները փորձել եմ վերացնել։ Սխալն ունենալ ու չփորձել վերացնել՝ նման է մարտի դաշտում անհաջողությունից հետո զորքն անտեր թողնելուն»,- եզրափակել է ՊՆ նախկին նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարման քննարկմանն հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։
Օգոստոսի 20-ին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել էր ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հանդեպ պարտավորությունների անփոփոխ լինելու մասին։