ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովին և «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավար Ալեքսեյ Մելնիկովին։
Ըստ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի՝ նրանք պարգևատրվել են հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։
Հայաստանում մայիսի 26-ին Դեբեդ գետը վարարել էր ու Լոռու և Տավուշի մարզում ավերածությունների, 4 զոհի պատճառ դարձել։ Ավերվել են կամուրջներ ու ճանապարհներ, մարդկանց տարհանել են: Ջրհեղեղի հետևանքով հեղեղվել էր նաև Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31 կմ հատվածը, ավերվել են գետի երկու կամուրջները, մայրուղին, վնասվել էր երկաթուղային ենթակառուցվածքը: Վարարել էին նաև Աղստև, Տաշիր գետերը, հորդառատ անձրև էր տեղացել Երևանում։ Հեղեղների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպերատիվ շտաբ էր ձևավորել։ Մայիսի 26-ին վարչապետը նաև այցելել էր աղետի գոտի։ Հայաստանի կառավարությունը Լոռու և Տավուշի մարզի 39 քաղաքներ ու գյուղեր հայտարարել էր աղետի գոտի։ Մայիսի 30-ին Լոռիում և Տավուշում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների գնահատման համար ՀՀ-ն դիմել էր ԵՄ-ին ու ՄԱԿ-ին։
Մայիսի 31-ին ՌԴ-ն հայտնել էր, որ ջրհեղեղից տուժած երկաթուղիների վերականգնման համար Ռուսաստանը գումար էր հատկացրել։
Հունիսի 15-ին ՌԴ կառավարությունը հայտնել էր, որ Ռուսաստանը ռեկորդային կարճ ժամկետում վերականգնել է Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ։ Հունիսի 24-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարել էր, որ տեղի է ունեցել Երևան-Բաթումի-Երևան միջազգային սեզոնային գնացքի առաջին չվերթը։