Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Հայաստանում ԵՄ երկրների դեսպաններին ցույց է տվել Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետի արդիականացված ենթակառուցվածքները և պատմել սահմանային վերահսկողության իրականացման առանձնահատկությունների մասին, հայտնում են ՊԵԿ-ից։
««Մարգարայի» մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսվում է իրականացնել սահմանային համալիր կառավարման սկզբունքի հիման վրա՝ «մեկ պատուհան» համակարգով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բադասյանն այցի ընթացքում ներկայացրել է մաքսային բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրի դյուրինացումը, թվայնացումը և ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները:
ԵՄ դեսպանները, կարևորելով ԵՄ-ՊԵԿ համագործակցությունը և ներդրված համատեղ ջանքերը, գոհունակություն են հայտնել անցակետում կատարված աշխատանքներից։