Երևանի և Բաքվի միջև բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ներառի արցախահայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և հայկական մշակութային և պատմական ժառանգության պաշտպանությունն Արցախում, ասել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։
«Կանադան շարունակում է կոչ անել և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության համար»,- ասված է նրա հայտարարության մեջ։
Ժոլին Բաքվին կոչ է արել անվերապահ ազատ արձակել 2020 թվականի պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև հետագայում կալանավորված բոլոր հայերին։ Կանադացի նախարարը հիշեցրել է, որ 2023 թվականին Օտտավան ավելի քան 3,9 միլիոն դոլար է հատկացրել հումանիտար օգնության համար՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած հրատապ կարիքները լուծելու համար։
Կանադայի ԱԳ նախարարն անհիմն է անվանել Ադրբեջանի ռազմական գործողությունը Ղարաբաղում և նշել, որ ագրեսիան հետևել է իննամսյա շրջափակմանը և Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների մուտքի արգելքին, ինչը Միջազգային դատարանի կողմից սահմանված միջոցառումների խախտում է։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում զինված գործողություն սկսելու մասին։ Մեկ օր անց Կանադայի ԱԳՆ-ն կոչ էր արել Բաքվին դադարեցնել ռազմական գործողությունները։ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին Ժոլին հայտարարել էր, որ Կանադան 2,5 միլիոն դոլար կհատկացնի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնության համար։
Արցախից Հայաստան ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 100 հազարը. 2023 թվականի դեկտեմբերին արցախյան ավելի քան 150 կազմակերպություններ, կուսակցություններ, լրատվամիջոցներ և հասարակական գործիչներ ստորագրել էին հայտարարություն՝ ուղղված ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով պայմաններ Արցախի բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։