ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում։
Ըստ գերատեսչության՝ Միրզոյանը վերահաստատել է Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը և ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չառաջացնելու և պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը:
Քննարկվել են նաև ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահության ներքո քննարկվող որոշումներին առնչվող հարցեր։
Մայիսի 13-ին տեղի էր ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստան ժամանած Իեն Բորջի ասուլիսը։ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացը։ Բորջն ընդգծել էր, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքներն արժեքավոր են խաղաղության ճանապարհին։
Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Մայիսի 14-ին Ալիևը նման առաջարկ արել էր ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Իեն Բորջին։