ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող Ապագայի գագաթնաժողովին, հարևան երկրների հետ հարաբերություններում կոչ է արել առաջնորդվել հնարավորություններով, այլ ոչ թե նրանց ուղղված մեղադրանքներով։
Նրա խոսքով՝ այսօրվա համաշխարհային ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ միջազգային ձևաչափերը դարձել են փոխադարձ մեղադրանքների, սպառնալիքների, փակուղիների, ճգնաժամերի ազդարարման հարթակ։
«Ի տարբերություն նախորդ երեք անգամների` ես Գլխավոր ասամբլեայի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու։ Եվ դա դրական մտածելու և հնարավորությունների մասին խոսելու հնարավորություն կտա»,- ասել է նա:
Վարչապետը հիշեցրել է ՔՊ-ի կողմից որդեգրված «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսը և նշել, որ ապագան պետք է նախագծել այսօր:
«Բոլոր այն պրոբլեմները, որ այսօր ունենք, ուղիղ կամ անուղղակի ձևով կապված են անցյալում ինչ-որ պահի կայացված և կամ չկայացված որոշումների հետ, նույնը կարելի է ասել այսօրվա բոլոր հաջողությունների և ձեռքբերումների մասին: Անցյալում արդեն ոչ մի բան չենք կարող փոխել, այսօրվա մեջ արդեն շատ բան չենք կարող փոխել, որովհետև այսօրն արդեն ինչ-որ չափով անցյալ է»,- նշել է վարչապետը:
Նա հավելել է, որ այսօրվա անելիքների օրակարգն է՝ խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն, ազատություն, արդարություն, մարդու իրավունքներ, արհեստական ինտելեկտ, կլիմա: Բայց, ըստ նրա, կարևոր է այն հայեցակարգը, որ պիտի դրվի ապագայի պատկերացումների հիմքում:
Փաշինյանի կարծիքով՝ պետք է սկսել լավ խոսքերից։ «Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։ Եկեք դա անենք»,- եզրափակել է նա:
Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում կլինի սեպտեմբերի 22-27-ը։ Նրա մամուլի ծառայությունը հայտարարել էր մի շարք երկկողմ հանդիպումների մասին։ Թուրքական լրատվամիջոցները սեպտեմբերի 23-ին հայտնել էին Հայաստանի վարչապետի հետ հանդիպելու Թուրքիայի նախագահի մտադրության մասին։ Armenia Today-ը Փաշինյանի և Էրդողանի հնարավոր հանդիպման լուրի վերաբերյալ հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։ Կառավարությունից չեն արձագանքել հարցմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։