«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է պաշտոնից հեռացնել Սիսիանի քաղաքապետ Արմեն Հակոբջանյանին և նրա փոխարեն քաղաքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Առաքելյանը, թերթի տեղեկություններով, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է։ Ըստ աղբյուրի՝ Առաքելյանի հնարավոր նշանակման հետ սիսիանցիները համաձայն չեն։
«Սիսիանցիներն ասում են՝ Առաքելյանն ընդամենն առաքիչի փորձ ունի, չի կարող մեծ համայնք ղեկավարել»,- ասված է հրապարակման մեջ։
Թերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչության որոշմամբ Հակոբջանյանը, Սիսիանի քաղաքապետի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանն ու տեղակալ Գարիկ Հակոբյանն առաջիկայում աշխատանքից ազատվելու դիմում կգրեն, Հակոբջանյանն ու Հովհաննիսյանը վայր կդնեն նաև ավագանու մանդատները։
Գործող քաղաքապետին, ըստ թերթի, ուզում է հեռացնել ՔՊ պատգամավոր Կարեն Համբարձումյանը։
«Համբարձումյանն ուզում է հեռացնել Հակոբջանյանին, քանի որ իր շնորհիվ քաղաքապետ դարձածն սկսել է իր «գլխից թռնել»։ Մասնավորապես, ըստ լուրերի, Հակոբջանյանի և Համբարձումյանի միջև տարաձայնությունն առաջացել է նախկին քաղաքապետ, ներկայում Սրբազան շարժման մասնակից, պատգամավոր Արթուր Սարգսյանի հանքի պատճառով: Համայնքապետը հանքի շահագործման թույլտվության համար հանրային լսումներ է նախաձեռնել, մինչդեռ Համբարձումյանը հրահանգել է միանգամից մերժել թույլտվությունը»,- հավելել է թերթը:
Թերթը նշում է նաև, որ բացի այս ամենից՝ «վառելիքի թեմա կա․ Համբարձումյանին պետք է ինչ-որ բաժին հասներ, որը, սակայն, չի հասել»։
Հակոբջանյանը Սիսիանի քաղաքապետ է 2022-ի դեկտեմբերից։