ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, տեղեկանում ենք վարչապետի Facebook-ի էջից։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում առկա պայմանավորվածություններին, ընդգծել կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը, նշել են կառավարության մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ Փաշինյանն Էրդողանին տեղեկացրել է նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին: Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի:
Սեպտեմբերի 23-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին Փաշինյանի և Էրդողանի նախատեսվող հանդիպման մասին։
Armenia Today-ի խմբագրությունը Փաշինյանի և Էրդողանի հնարավոր հանդիպման լուրի վերաբերյալ հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։ Կառավարությունից չեն արձագանքել հարցմանը։
2023 թվականի հունիսին Հայաստանի վարչապետը մասնակցել էր Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Փաշինյանն ու Էրդողանը հունիսի 18-ին հեռախոսով քննարկել էին տարածաշրջանային վերջին զարգացումները և միջազգային օրակարգը: Հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր Թուրքիայի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու Երևանի պատրաստակամության մասին: