Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի հետ, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին և հույս ունի, որ այդ ջանքերը շուտով կպսակվեն հաջողությամբ։
«Մենք դրական քայլեր ենք կատարում նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների շրջանակներում։ Փոփոխությունները, որոնք կարող են արձանագրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում, դրական ազդեցություն կունենան Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա»,- նշել է նա։
Հունիսին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր Թուրքիայի հետ հարաբերությունները լիովին կարգավորելու Երևանի պատրաստակամության մասին։ Սեպտեմբերի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում Թուրքիայի նախագահի հետ քննարկել էր հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը։ Զրուցակիցներն ընդգծել էին կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր լիցք հաղորդելու պատրաստակամություն։ Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» վերնագրով գիրքը։