Եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ սահմանադրությանը, մենք կկանգնենք իրավիճակի առաջ, որում խաղաղության հասնելու համար սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, այդ պարագայում այն մեր երկրի խորհրդարանում վավերացնելու խոչընդոտ չի լինի»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է «ձեռքը պարզելու հեռավորության վրա»։
«Ադրբեջանի նախագահը և ես հայտարարել ենք, որ պայմանագրի առնվազն 80 տոկոսը համաձայնեցված է, այժմ պատմական հնարավորությունից օգտվելու և փակուղու վտանգից խուսափելու համար Հայաստանն առաջարկում է վերցնել այն, ինչ արդեն համաձայանեցվել է, ստորագրել, ունենալ խաղաղության համաձայնագիր, այնուհետև շարունակել մնացած հարցերի շուրջ բանակցությունները։ Մենք պատրաստ ենք դա անել հենց հիմա»,- նշել է նա։
Փաշինյանը օգոստոսի 31-ին տված իր մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կա հղում 1991թ․ պետական անկախության մասին ակտին, որն, իր հերթին, պարունակում է հղում Ադրբեջանի 1918 մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի անկախության հռչակագրին:
Հուլիսի 20-ին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։ Նա ընդգծել էր, որ Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Հունիսի 6-ին Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։
Մանրամասները՝ տեսանյութում։