ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու նախաձեռնությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում 71 պատգամավորից կողմ է մոտ 30-ը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ նախարարի պաշտոնանկության հարցով վարչապետին դիմելու համար անհրաժեշտ 24 ստորագրությունն արդեն կա, բայց պատգամավորները ստորագրահավաքին միանալու հարցում պասիվ են։
«Քիչ ստորագրությունների պատճառ կարող են լինել պատգամավորների գործուղումները, քանի որ այս օրերին իշխանականների մեծ մասը բացակայում է երկրից, մի մասն էլ խուսափում է ստորագրել, քանի որ կարծում են՝ գուցե այս նախաձեռնությունն այնքան էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ: Փաշինյանը, որն այս օրերին պաշտոնական այցով ԱՄՆ-ում է, դեռ թիմակիցներին իր հստակ որոշման մասին չի հայտնել»,- թերթին տեղեկացրել են ՔՊ-ից։
Համաձայն ընթացակարգի՝ Մինասյանի հեռացման հարցը պետք է նախ քննարկվի ՔՊ խմբակցության նիստի ընթացքում, ապա ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պատգաավորների ստորագրությունները պետք է ներկայացնի վարչապետին։ ԶԼՄ-ն հավելել է, որ նախաձեռնությունը համակարգում է ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ:
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Մինասյանի պաշտոնավարման հարցով ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են դիմել Փաշինյանին։ Նա չէր մանրամասնել, թե որն է նման նախաձեռնության պատճառը։
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Մինասյանը հայտնել էր, որ վերջին օրերին բազմաթիվ անգամ խնդրել է Գևորգյանին հրաժարական չտալ, բայց նա մերժել է իր բոլոր խնդրանքները:
Մինասյանն Արդարադատության նախարար է նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 26-ին։