ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերը՝ մասնակցելու Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը և Մյուռոնօրհնության արարողությաններին՝ միջոցառումներին իշխանությունների ներկա լինելու պատճառով, 168.am-ին հայտնել են նախկին նախագահի աշխատակազմից։
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կաթողիկոսին հրավերի համար և հայտարարել, որ անհնար է համարում «Հայաստանի ներկայիս ապազգային առաջնորդների» հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը։
«ՀՀ երրորդ նախագահն իր այդ որոշման մասին Վեհափառ Հայրապետին հայտնել է դեռևս օրեր առաջ՝ Վեհափառի հրավերով Սուրբ Էջմիածին այցի ժամանակ՝ Մայր Տաճարում իրականացված մեծածավալ աշխատանքներին ծանոթանալուց և կաթողիկոսի հետ համազգային կարևորագույն խնդիրների շուրջ զրուցելուց հետո»,- նշել են Սարգսյանի գրասենյակից:
Մայր տաճարի վերանորոգումն սկսվել էր 2012 թվականին՝ նպատակ ունենալով ամրացնել գմբեթներն ու տանիքը։ Այս պահին տաճարում վերջին վերականգնողական աշխատանքներն են ընթանում։
Օգոստոսին «Հրապարակ» թերթը գրել էր Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանն իշխանություններին հրավիրելու ՀԱԵ ծրագրերի մասին։ Ըստ թերթի՝ Մայր Աթոռը որոշել էր հրավերներ ուղարկել իշխանություններին, առաջին հերթին՝ ԱԽ բոլոր անդամներին ու բոլոր պատգամավորներին՝ չնայած եկեղեցական հարկման հարցերում առկա տարաձայնություններին։
Օգոստոսի 28-ին Նիկոլ Փաշինյանի գրասենյակը հայտարարել էր, որ վարչապետը Մյուռոնօրհնությանն ու նորոգված Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել։ Սեպտեմբերի 17-ին ՀԱԵ-ն տեղեկացրել էր Ալեն Սիմոնյանի՝ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը մասնակցելուց հրաժարվելու մասին։
Սեպտեմբերի 28-ին՝ երեկոյան ժամը 17։00-ին, Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, կվերաօծվի Մայր Տաճարը: