Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դրական է գնահատել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հաշտեցման գաղափարը, որն արտահայտել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնել է DW-ն։
Լավրովը միաժամանակ կոչ էր արել դուրս բերել ռուսական զորքերը վրացական այդ շրջաններից։
«Այն, որ Ռուսաստանը ողջունում է հաշտեցումը և կնպաստի դրան, անշուշտ, դրական է, բայց ես կասեի, որ այս հայտարարություններից հետո լավ կլինի արդյունավետ քայլեր ձեռնարկել»,- ասել է «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Քալաձեն։
Նա ընդգծել է, որ կառավարությունն ամեն ինչ անելու է անջատողական շրջանների հետ հաշտվելու համար։
«Միայն խաղաղության և փոխադարձ ներման միջոցով կարող ենք վերականգնել տարածքային ամբողջականությունը և միասին ապրել»,- ասել է նա։
Մինչդեռ վրացական ընդդիմությունը Լավրովի խոսքերը սադրանք է համարել։
«Լավրովն, իհարկե, իր հայտարարությամբ հաստատում է, որ համագործակցում է «Վրացական երազանքի» և Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Վրաստանի իշխանությունների համար ավելի մեծ ամոթ չի կարող լինել»,- ասել է ընդդիմադիր պատգամավոր Թամարա Կորձայան։
Լավրովը, սեպտեմբերի 28-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին հաջորդած մամուլի ասուլիսում, խոստովանել էր Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման հնարավորությունը։ Նա հայտարարել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերյալ Վրաստանի հետ «գործարքի» հնարավորության մասին։ «Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Վրաստանի և ինքնահռչակ հանրապետությունների միջև խաղաղության հասնելու համար, եթե կողմերը շահագրգռված լինեն»,- նշել էր նա։
Լավրովը նաև հնարավոր էր անվանել Վրաստանում տասնամյակներ տևած դիմակայությունը լուծելու համաձայնությունը և նշել, որ Ռուսաստանը բաց է փոխզիջման համար, որը կարող է հանգեցնել իր զորքերի դուրսբերմանն Աբխազիայից և Հարավային Օսիայից:
Ավելի վաղ երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Կրեմլամետ Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր, որ վրացական իշխանություններն «ուժ կգտնեն» ներողություն խնդրելու 2008 թվականին Հարավային Օսիայի հետ պատերազմի համար։ Նրա խոսքերը բողոքի ցույցեր էին առաջացրել ամբողջ երկրում: