Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Հրամանագիրը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հարությունյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է փաստաթղթում:
Հարությունյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնն զբաղեցնում էր 2022 թվականից։ Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուսաստանում ՀՀ դեսպան էր նշանակվել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին հայտարարել էր, որ Հայաստանը շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա։ Նա այսպես էր մեկնաբանել այդ ժամանակ դեռ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Հարությունյանի այցը ՌԴ մի շարք շրջաններ, որոնք տուժել էին Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից։ Սիմոնյանն այդպես էր արձագանքել նաև Հարությունյանի խոսքերին, ըստ որի՝ «երկրների (ՀՀ-ի և ՌԴ-ի) հարաբերությունները չեն որոշվում առանձին մարդկանց հայտարարություններով»։