ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստին, հայտնել է Գրիգորյանը։
Նիստը գլխավորում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
ԱԽ քարտուղարը նիստի ընթացքում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը և վերահաստատել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը: Նա անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա իրականացման հնարավորություններին, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգին և երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը:
Գրիգորյանը բարձր է գնահատել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության՝ տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու դերը:
2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն որոշել էր Հայաստանում իր դիտորդների թիվը 138-ից հասցնել 209-ի: 2024 թվականի մարտին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։