ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են փոխանցվել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի մասին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների ստորագրությունները, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին։ Նախաձեռնությանը միացել է խմբակցության 71 պատգամավորներից 27-ը։
«Խմբակցության ղեկավար կազմը չի ցանկացել հարցը խմբակցությունում քննարկել: Թերևս մտավախություն են ունեցել, որ չմիացողների փաստարկները կարող են այնքան ծանրակշիռ թվալ, որ նախարարի դեմ նախաձեռնությանը միացածները հետ վերցնեն իրենց ստորագրությունները»,- նշել է թերթը։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Մինասյանի պաշտոնավարման հարցով ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են դիմել Փաշինյանին։ Նա չէր մանրամասնել, թե որն է նման նախաձեռնության պատճառը։
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Մինասյանը հայտնել էր, որ վերջին օրերին բազմաթիվ անգամ խնդրել է Գևորգյանին հրաժարական չտալ, բայց նա մերժել է իր բոլոր խնդրանքները:
Մինասյանն Արդարադատության նախարար է նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 26-ին։