Հայաստանը մշտապես շահագրգռված է հումանիտար խնդիրների, այդ թվում` անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու խնդրով, հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով Բաքվի վերջին հայտարարությունները։
Նա ընդգծել է, որ 90-ականներից մինչ օրս հայկական կողմն ունի 1008 անհայտ կորած, մեկնաբանել է Բադալյանը՝ ի պատասխան Radar Armenia-ի հարցման, ըստ որի Բաքվից հնչում են մեղադրանքներ, թե իբր Հայաստանը տվյալներ չի տրամադրում հակամարտության ընթացքում անհայտ կորածների մասին։ Նա ընդգծել է, որ Հայաստանն Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել է նրանց մասին։
«Հաշվի առնելով խնդրի մարդասիրական կողմը՝ ՀՀ-ն միակողմանի իրականացրել է ադրբեջանցի անհայտ կորածների ճակատագրերի վերհանմանն ուղղված աշխատանքներ և պատրաստակամություն է հայտնել համագործակցել խնդրի հասցեագրման ուղղությամբ։ Ավելին, այդ թվում ԼՂ ներկայացուցիչների հետ համագործակցության արդյունքում ադրբեջանական կողմին նախորդիվ փոխանցվել են թե՛ անհայտ կորած համարվող անձանց մասունքներ, թե՛ վերջիններիս ճակատագրերի վերհանման համար անհրաժեշտ առկա հստակ տեղեկություններ»,- հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նրա խոսքով՝ անհայտ կորածների խնդրի շուրջ համագործակցելու Հայաստանի պատրաստակամության մասին է վկայում հայկական կողմի համաձայնությունը Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովների ձևաչափով 2024 թվականի մայիսին նախատեսված հանդիպման առաջարկին։ Բադալյանը շեշտել է, որ այդ հանդիպումը չի կայացել ադրբեջանական կողմի մերժման պատճառով։
Բադալյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմական հարձակումների հետևանքով բազմաթիվ մարդիկ ենթարկվել են նաև բռնի անհետացման։ Կան բազմաթիվ վկայություններ, այդ թվում՝ տեսանյութեր և ձայնագրություններ, որոնք հաստատում են այդ մարդկանց գերեվարումը։
«Չնայած այս ակնհայտ ապացույցներին, Ադրբեջանը շարունակում է հերքել այդ անձանց գերեվարման փաստը և չի համագործակցում ոչ միայն Հայաստանի, այլև մարդու իրավունքների միջազգային կառույցների հետ»,- հավելել է նա։
Օգոստոսի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 1990-ականներից սկսած՝ ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։
ՀՀ Քննչական կոմիտեն հուլիսի 2-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ 1992-2023 թվականներին Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը կազմում է 1016 մարդ։