Ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Հայաստան-2041» հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի մասին հայտարարությունը՝ այն դիտարկելով «քաղաքական հռետորաբանության» համատեքստում։ Նրա ելույթի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Փաշինյանն օգոստոսին 31-ի ասուլիսի ժամանակ, խոսելով Վարդանյանի մասին, ասել էր․ «Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան գործուղեց Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ խոստումներով, ու վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է, որովհետև նա, կարծես թե, այլ երկրի քաղաքացի է»:
Աֆեյանը համոզմունք է հայտնել, որ Փաշինյանի խոսքերը չէին կարող վերաբերել իր մոտ 25 տարվա գործընկեր Վարդանյանին։ Նա նշել է, որ Փաշինյանի խոսքերը «ոչ թե մեղադրանք, այլ կասկած էին»։
«Կարծում եմ՝ այդ կասկածներն ուղղված էին ոչ թե Ռուբենին, այլ հյուսիսային երկրներին։ Նորմալ է, երբ կասկածներ են առաջանում տարբեր ազգերի նպատակների հարցում։ Բայց Ռուբենը, իմանալով որ վտանգի մեջ է լինելու, անկախ ամեն ինչից՝ գնաց Արցախ, որ ժողովրդին օգնի։ Նրա ազգասիրությունը, նվիրումը հաշվի առնելով՝ Ռուբենին կասկածելն աներևակալի է։ Եթե այդկերպ փորձում են փարատել կասկածները, հասկանալի է, քաղաքականության մեջ այդպես լինում է։ Եթե փաստեր կան, պատրաստ եմ հասկանալ, բայց կարծում եմ, որ դա ևս քաղաքական հռետորաբանություն էր»,- նշել է նա։
Բարերարը վստահեցրել է, որ իրենք աշխատում են և՛ միջազգային կազմակերպությունների, և՛ իրավաբանների հետ, որպեսզի հասնեն Վարդանյանի ազատ արձակմանը:
«Հայաստանի կառավարությունն աշխատում է գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Նրանք աշխատում են և այդ հարցը բարձրացնում են տարբեր հանդիպումների ժամանակ։ Հույս ունեմ, որ կառավարությունն իր միջոցները կտրամադրի նրանց ազատ արձակելու համար: Վստահ եմ, որ մեր կառավարությունն ու այլ մարդիկ կհամագործակցեն այդ նպատակին հասնելու համար»,- հավելել է նա։
Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը գերիների ազատ արձակման հարցը պետք է «սեղանի վրա» պահի, մասնավորապես, Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք COP29-ից առաջ։
«Գերիների ազատ արձակման հարցով ՄԱԿ-ում ամենաբարձր մակարդակով քննարկումներ ենք ունեցել։ Ադրբեջանը մայիսին ցինիկ ձևով հայտարարեց, որ COP29-ը խաղաղության համաժողով է լինելու, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ COP29-ը Բաքվին իր հայտնի դիմագիծը բարձրացնելու լեգիտիմություն չտա»,- եզրափակել է Աֆեյանը։
ՀՀ ԱԳՆ-ի տվյալներով՝ Բաքվում, ընդհանուր առմամբ, 23 հայ գերի կա։ Նրանց թվում են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
2024-ի մայիսին Բաքվի դատարանը հինգ ամսով երկարաձգել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների կալանքի ժամկետները։ Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր Արցախի ղեկավարների գործի նյութերը դատարան փոխանցելու մասին։ Հոկտեմբերի 1-ին Բաքուն հայտնել էր Ադրբեջանում ձերբակալված արցախցի առաջնորդների դեմ նոր մեղադրանքի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։