Ամերիկահայ գործարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Հայաստան-2041» հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը կարևոր է համարել Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերում կառավարության հետ համագործակցությունը։
Նա Armenia Today-ին այդպես է մեկնաբանել Հայաստանի իշխանությունների՝ «Հայաստան-2041» հիմնադրամի «Ուժեղ Սփյուռք» ծրագրի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և համագործակցության պատրաստակամության մասին հարցին։ «Հայաստան-2041» հիմնադրամն ստեղծել են Աֆեյանը և Բաքվում պահվող գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Աֆեյանի ելույթի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։
Աֆեյանի խոսքով՝ 24 տարի շարունակ իշխանությունների հետ համագործակցության ուղիներ է գտել՝ անկախ նրանց մտածելակերպից, մոտեցումներից և իր ծրագրերի նկատմամբ ունեցած կասկածներից:
«Կարևոր է կառավարության հետ համագործակցությունը։ Նոր սերնդի շատ մասնագետների եմ կառավարությունում տեսել, ովքեր ցանկանում են եռանդով մասնակցել մեր նախագծերին»,- ասել է նա։
Գործարարն օրինակ է բերել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների (FAST), ինչպես նաև ՀԵՆԱՐ հիմնադրամների և կառավարության ու պետական մարմինների համագործակցությունը։ Նա նշել է, որ հոկտեմբերի 1-ին ՀԵՆԱՐ և Philips հիմնադրամների, ինչպես նաև ՀՀ առողջապահության և ՀՀ ՆԳ նախարարությունների, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և Շտապօգնության ծառայության աջակցությամբ մեկնարկել է ծրագիր, որը բարձրացնելու է Երևանում սրտի հանկարծակի կանգից փրկվելու հավանականությունը։
«Եթե Երևանում ինչ-որ մեկը սրտի կաթված ստանա, 6 րոպեի ընթացքում օգնություն կտրամադրվի։ Դա շատ երկրներում և քաղաքներում չկա, բայց երեկվանից գոյություն ունի Երևանում»,- հավելել է Աֆեյանը։
Անդրադառնալով «Ուժեղ Սփյուռք» ծրագրին՝ Աֆեյանն, ի պատասխան Armenia Today-ի հարցին, նշել է, որ ծրագրի շարունակությունը կախված է ընթացքից։
«Մենք 1 տարեկան երեխա ենք տեսնում։ Պետք է հասկանանք, որ մեծանա՝ ո՞ւր կհասնի։ Հաջողելու դեպքում կարող ենք ընդլայնել, բայց ծրագիրը չշարունակելու պատճառ չունենք»,- նշել է նա։
«Հայաստան 2041» հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր կայացած շնորհանդեսի ժամանակ հայտարարել են Սփյուռքում հայկական ժառանգության պահպանման և հայ համայնքների հզորացման ծրագրերի համար «Ուժեղ Սփյուռք» դրամաշնորհային մրցույթի 20 հաղթողների անունները: Նրանք հիմնադրամից կստանան 10 հազար դոլար։ Կազմակերպիչները նաև տեղեկացրել են, որ դրամաշնորհային մրցույթին 174 հայտ են ստացել շուրջ 26 երկրների 91 քաղաքներից՝ ԱՄՆ-ից մինչև Լիբանան, Ավստրալիայից մինչև Արգենտինա:
Մանրամասները՝ տեսանյութում։