«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հաղորդման ժամանակ, հանդես է եկել ուղերձով և հարցազրույցով։
«Ժամանակն է, որպեսզի մենք արթնանանք, սթափվենք և հասկանանք, թե ինչ ծանր իրադարձություններ են մեր առջևում սպասվում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ հանձնվել է Արցախը, հանձնվել են գրեթե բոլոր մարզերի սահմանամերձ գոտուց տարածքներ։
Նրա խոսքով՝ իշխանություններն ամենօրյա զիջումներ են կատարում թշնամիներին և ցանկանում են կեղծ խաղաղության պայմանագիր կնքել։
Գալստանյանն իր ուղերձում հայտարարել է շարժման նոր հանրահավաքի մասին։ «Առաջիկա կիրակի օրը՝ ժամը18:00-ին, սպասելու եմ Հանրապետության հրապարակում։ Սա մեծագույն առիթն է ուղղակի դիմելու Ձեզ, որպեսզի այս ստի և կեղծիքի կայսրության վերջը կնքենք և ապրենք ճշմարտության և արդարության մեջ, ոչ թե թշնամության և ատելության, ապրելու հաշտության և կառուցումի մեջ»,- ասել է նա։
Սրբազանը նաև դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ դու որպես չարիք ղեկավարում ես այս կառավարությունը։ Դու կառավարություն չես, որովհետև ամբողջությամբ կառավարություն լինելը ծրագրեր իրականցնելու համար է ու ծառայելու։ Եվ մենք՝ Հայքի ժառանգներս, գալու ենք քո հետևից»,- ասել նա։ Գալստանյանը շեշտել է, որ շարժման քայլերը տանում են դեպի գործող իշխանություններին հեռացնելու նպատակը և խոստացել է շարունակել պայքարը։ Նա նաև ընդգծել է, որ իշխանություններն ամբողջությամբ շեղվել են այն խոստումներից, որով հաղթել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում։
Ավելի վաղ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Գալստանյանը կոչ էր արել մասնակիցներին երթով շարժվել դեպի Հանրային հեռուստաընկերության շենք և ուղիղ եթեր պահանջել։ Երթի ընթացքում հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում պատրաստակամություն է հայտնել ուղիղ եթեր տրամադրել շարժման առաջնորդներին հարցազրույցի ձևաչափով։ Գալստանյանն արձագանքել է՝ ընդգծելով, որ շարժումը ոչ թե հարցազրույց է պահանջում, այլ ուղիղ եթերում ուղերձ հղելու հնարավորություն։
Երբ երթը մոտեցավ Հ/Ը շենքին, որտեղ կենտրոնացած էին ոստիկանական մեծ ուժեր, ցուցարարների մոտ դուրս եկավ հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Նա կրկնեց ուղիղ եթերում հարցազրույցի առաջարկը՝ հավելելով, որ եթե շարժման ներկայացուցիչը ցանկանա ուղերձ հղել, հարցազրույցի ժամանակ նրան նման հնարավորություն կտրվի։ Շարժման ներկայացուցիչների և Մովսիսյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գալստանյանին տրամադրվի 25 րոպե ուղիղ եթեր, որի ժամանակի կեսը կհատկացվի արքեպիսկոպոսի ելույթին, իսկ երկրորդ կեսի ընթացքում նա կպատասխանի հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում։