Բելառուսի և Ադրբեջանի բարեկամությունը երրորդ երկրների դեմ չէ, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Դուք իմ ընկերն եք, իմ եղբայր Իլհամ Հեյդարովիչը, և Բելառուսի և Ադրբեջանի միջև փակ թեմաներ չկան։ Մենք միջազգային իրավունքի ոչ մի նորմ չենք խախտում, մեր բարեկամությունը երրորդ երկրների դեմ չէ, մեր գործն անում ենք մեր ժողովուրդների անունից»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն հավելել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին Բելառուսին ամենամոտ երկրներից է և որ երկու երկրների միջև ջերմ հարաբերությունները զարգացել են դեռևս Հեյդար Ալիևի ղեկավարության ժամանակներից։
«Մենք շատ մոտ էինք, միշտ փոխըմբռնում և աջակցություն էինք ստանում։ Ներկայիս նախագահ Իլհամ Հեյդարովիչին հաճախ եմ ասում՝ փառք Աստծո, որ մեզ հաջողվեց պահպանել հարաբերությունների այն մակարդակը, որն ունեինք նրա հոր հետ։ Ասեք ինձ, թե ի՞նչ կարող ենք անել Ադրբեջանի համար, մենք ամեն ինչ կանենք։ Այդպես էր մինչ այժմ և այդպես կլինի հետո։ Վստահ եմ, որ Ադրբեջանը ևս ամեն ինչ կանի մեզ համար»,- ասել է Լուկաշենկոն։
Ասադովը ընդգծել է, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև պատմականորեն զարգացել են բարեկամական հարաբերություններ, և Ադրբեջանի նախագահը դրանց առանձնահատուկ նշանակություն է տալիս։
«Կարևոր է, որ լավ հարաբերություններ են ձևավորվել երկրի ղեկավարների մակարդակով։ Մենք պարտավոր ենք մեծ հաճույքով կատարել այն հանձնարարականները, որոնք տվել են մեր ղեկավարները»,- ասել է նա։
Ասադովն Ադրբեջանի նախագահի անունից Լուկաշենկոյին հրավիրել է մասնակցելու COP29-ին, որը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին՝ Բաքվում, ինչին Լուկաշենկոն դրական պատասխան է տվել՝ «Եթե Իլհամն այդպես է ուզում, այդպես կլինի»։
Օգոստոսի 19-ին Լուկաշենկոն քննադատել էր արևմտյան երկրների հետ Հայաստանի մերձեցման քաղաքականությունը և ասել, որ հայերը «ոչ մեկին պետք չեն», բացի Ռուսաստանից և Բելառուսից։
Մարտի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն չի արգելափակում նրա որոշումները։ Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարման քննարկմանն հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Փաշինյանը վերաբերմունքը փոխելու պայման էր համարել Բելառուսի դուրս գալը կազմակերպությունից, ինչպես նաև Լուկաշենկոյի ներողությունը հայ ժողովրդից՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ Բաքվին աջակցելու խոսքերի համար։