Հայաստանի կառավարությունը 23 մլն եվրո է հատկացրել Փարիզում դեսպանատան նոր շենք գնելու համար, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ դեսպանության համար ձեռք բերված նոր շենք:
Ըստ հաղորդագրության՝ շենքը պատմական է, պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին:
Կառավարությունից մանրամասնել են, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման գործող շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին․ այն անհատույց է օգտագործվում 1995 թվականից:
Ըստ կառավարության՝ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման արդյունքում ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում ՀՀ մշտական ներկայացուցչությունները:
Սեպտեմբերի 7-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության համար Լոնդոնում գտնվող նոր, առանձին շինության ձեռքբերման համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր 17,4 (8,2 ՀՀ դրամ) ֆունտ ստերլինգ գումար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում Փաշինյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ։