Ադրբեջանը բավական մեծ ծավալի սպառազինություն է գնում, հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Բաքվի նոր պահանջների և Երևանի հասցեին հնչած մեղադրանքների մասին։
«2021-2024թթ․ շրջափուլում Ադրբեջանում ոչ միայն մեծածավալ գնումներ են իրականացվում, այլև մոդելների, ծավալի, տեսականու առումով բավականին գաղտնի են տեղեկությունները, ինչն ավելի անկանխատեսելի է դարձնում ադրբեջանական վտանգավորությունը՝ հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մշտապես հայտարարել և հայտարարում է, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում»,- ասել է նա խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում։
Պատգամավորի խոսքով՝ Բաքուն ոչ միայն չի կատարում իր պարտավորությունները, այլև Երևանին նոր սպառնալիքներ ու պահանջներ է ներկայացնում։ Նա ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի մի քանի տագնապալի պահանջների վրա։ Ըստ Աբրահամյանի՝ դա, առաջին հերթին, Հայաստանի «ապառազմականացումն» է, և Բաքուն ակտիվորեն այդ հարցը դնում է իր օրակարգում։ Երկրորդն ակտիվացված և որոշակիորեն ինստիտուցիոնալ բնույթ ստացած ադրբեջանցիների, այսպես կոչված, Հայաստան «վերադարձի» մոտեցումն է»։ Բաքուն, ըստ նրա, փորձելու է ճնշումների միջոցով ստիպել Երևանին կատարել այս դրույթը։
«Ադրբեջանն այս օրերին ակտիվորեն շրջանառում է «առաջինից մինչև վերջին մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած ադրբեջանցիների» մասին տեղեկատվություն տրամադրելու հարցը։ Բաքուն միջազգային հարթակներում Հայաստանին մեղադրում է զոհերի թիվը թաքցնելու մեջ»,- հավելել է պատգամավորը։
Նա կարծում է, որ, թեև Հայաստանի իշխանությունները հնարավորինս փորձում են զիջողականություն դրսևորել, բավարարել հնարավոր բոլոր պահանջները, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ Բաքուն չի բավարարվում արդեն իսկ առաջադրված պահանջներով և հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչն ուղեկցվում է շանտաժով և սպառնալիքներով։
Կարդացեք նաև՝ ՀՀ իշխանության և Ադրբեջանի մոտեցումները ներդաշնակ են. Աբրահամյան։