Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ՝ նրա ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին, հայտնել է «ՏԱՍՍ»-ը։
«Հունիսին ԵՄ անդամ երկրների հետ քննարկում էինք, թե ինչպիսին կլինի մեր մոտեցումը Վրաստանի ղեկավարության հանդեպ, որը, մեր կարծիքով, անբարյացակամ վերաբերմունք ունի ԵՄ-ի նկատմամբ։ Քննարկում եինք, թե ինչպե՞ս կարող ենք հաղթահարել հակաեվրոպական և հակաարևմտյան նարատիվն ու քարոզչությունը, դավադրության տեսությունները։ Որոշեցինք, որ բարձր մակարդակի հանդիպումներ չենք ունենա Վրաստանի ներկայիս ղեկավարության հետ»,- ասել է Գերչինսկին։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը գրավոր հայտարարություն է տարածել, որում «տագնապ է արտահայտվում հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները գողանալու իշխող կուսակցության ակնհայտ նախապատրաստությունների վերաբերյալ», հայտնել է Сivil.ge-ն։
Հռչակագիրը մատնանշում է կոնկրետ զեկույցներ, որոնք հիմնավորում են այդ մտավախությունները, ինչպիսիք են «ընդդիմության թեկնածուների և նրանց համախոհների դեմ լայնածավալ ահաբեկման արշավը, որոնց շենքերը թալանված են, և որոնց ընտանիքներին սպառնում է ակնհայտ անպատժելիություն»: ԵԽԽՎ անդամները նաև նշում են, որ «ֆիզիկական հարձակումներ են տեղի ունեցել ընդդիմության ակտիվիստների վրա»։
Հռչակագրում նշվում է, որ ընտրությունների դիտորդական շատ ազգային խմբերին արգելվում է կատարել իրենց աշխատանքը՝ «չարաշահելով հակակոռուպցիոն օրենսդրությունը նույնիսկ մինչև, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին օրենքն» ուժի մեջ մտնելը»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նշում են ԵԽԽՎ ստորագրողները, «անցել է իշխող կուսակցության վերահսկողության տակ»։