Եվրամիությունը հոկտեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել իրանական ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարումների պատճառով, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Կայքի տեղեկություններով՝ պատժամիջոցների առաջին փաթեթը կվերաբերի մոտ 10 ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ինժեներական և հանքարդյունաբերական ընկերություններին, ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններին։ Սպասվում է, որ ԵՄ առաջնորդները կհաստատեն այդ միջոցառումները հոկտեմբերի կեսերին կայանալիք միության գագաթնաժողովում: Աղբյուրներից մեկը նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ սահմանափակումներ մտցնել հոկտեմբերի 1-ի երեկոյան Իսրայելի վրա իրականացված հրթիռային հարձակման համար։
Սեպտեմբերին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն դիտարկում է Իրանի ավիացիոն արդյունաբերության դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, քանի որ հանրապետությունը, ըստ Բրյուսելի, Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարել:
Մոսկվան և Թեհրանը բազմիցս մերժել են Ռուսաստանին իրանական զենք մատակարարելու վարկածները՝ Ուկրաինայում դրա օգտագործման համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Թեհրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին, և որ ԱՄՆ-ն ու Եվրոպան հիմնվում են կեղծ տեղեկատվության վրա։
Սեպտեմբերի 9-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան ԶԼՄ-ների կողմից ռուսական կողմին իրանական բալիստիկ հրթիռներ ուղարկելու մասին նյութի հրապարակումից հետո նշել է, որ պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության մասին մամուլի տեղեկատվությունը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։