Ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանանք խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա, ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն այսպես է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։
«Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի»,- նշել է խոսնակը։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ Սահմանադրական դատարանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ վերջին որոշմամբ հերքել է բոլոր այն պնդումները, թե ՀՀ սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ։
«Հայաստանը հայտարարել է նաև, որ չնայած իր որոշակի տարածքներ օկուպացված են, այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունի, որովհետև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերը հիշատակված կանոնակարգը տալիս է այդ խնդիրները խաղաղ, բանակցային ճանապարհով հասցեագրելու և լուծելու բոլոր հնարավորությունները»,- ասել է խոսնակը։
Հոկտեմբերի 5-ին Ալիևը Հայաստանին զգուշացրել էր «դադարեցնել վտանգավոր խաղերը»։ Նա հայկական կողմին մեղադրել էր «մի կողմից խաղաղության մասին խոսելու, մյուս կողմից՝ սպառազինություն ձեռք բերելու մեջ»։