ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայտարարել է, որ Իրանն անհանգստացած է Արաքս գետի էկոհամակարգի վրա հայկական ձեռնարկություններից մեկի գործունեության բացասական ազդեցությունից։ Այս մասին նա հայտնել է Երևանում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԴ դատախազության մամուլի ծառայությունը։
«Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Մովահեդի Ազադի հետ հունիսին իմ հանդիպման ժամանակ իրանցի գործընկերը կրկին ուշադրություն հրավիրեց Արաքս գետի էկոհամակարգի վրա ձեռնարկություններից մեկի տնտեսական գործունեության բացասական ազդեցության հետ կապված իրավիճակի վրա», – ասել է Կրասնովը։
Նա, հաշվի առնելով այս ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքը, առաջարկել է եռակողմ խորհրդակցություններ անցկացնել՝ իրանական կողմի հարցերը վերջնականապես լուծելու համար։
«Ավելին, մեր տեղեկություններով, ձեռնարկությունն արդեն ներդրել է վերամշակման ջրամատակարարման համակարգ։ Ես շնորհակալ կլինեմ այս հարցում ձեր դրական որոշման համար»,- նշել է նա։
Նշվում է, որ Կրասնովը շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպման բարձր մակարդակի և ռուսական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության համար։
Կողմերն ստորագրել են համագործակցության ութերորդ ծրագիրը։ ՌԴ գլխավոր դատախազը նաև հայ դատախազներին հրավիրել է հաջորդ տարի վերապատրաստում անցնել ՌԴ-ում իրենց հետաքրքրող ոլորտներում:
Երկու երկրների միջև փոխգործակցությունն իրականացվում է 2006 թվականի սեպտեմբերի 22-ի Համագործակցության համաձայնագրի համաձայն, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով՝ միջազգային մարմինների և կազմակերպությունների միջոցով։
Կրասնովի առաջին հանդիպումը Վարդապետյանի հետ տեղի էր ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Մոսկվայում, ապա ստորագրել էին 2023-2024 թվականների համագործակցության յոթերորդ ծրագիրը։
2021 թվականի նոյեմբերին Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ձևավորվել էր հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբ՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գործունեության հետևանքով Արաքս գետի հնարավոր աղտոտման հարցի ուսումնասիրման նպատակով: