ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Հայաստանի նոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող և տարածաշրջանային օրակարգի հարցեր, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Լավրովը ջերմորեն շնորհավորել է Արսենյանին դիվանագիտական առաքելության ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերջերս նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օգոստոսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական Մովսես Հարությունյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Արսենյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Օգոստոսի 13-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դադարեցրել էր նրա պատգամավորական լիազորությունները։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ օգոստոսի 14-ի հրամանագրով Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան էր նշանակվել։ Նորանշանակ դեսպանը խոստացել էր աշխատել Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։