«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը քննարկել է Արդարադատության նախարարի պաշտոնում երեք կուսակցականների՝ Սիսակ Գաբրիելյանի, Արփի Դավոյանի և Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունները, գրել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ հիմնական մրցակցությունը լինելու է պատգամավորներ Գաբրիելյանի և Դավոյանի միջև, ինչի պատճառով էլ կուսակցությունը «բաժանվել է բարիկադների»։
«Որքան էլ իշխանականները վստահեցնեն, որ այդպես չէ, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ արդեն իսկ բարիկադների են բաժանվել․ մի կողմում Ալեն Սիմոնյան-Հրաչյա Հակոբյան-Խաչատուր Սուքիասյան տանդեմն է` իր թեկնածու Գաբրիելյանով և աջակիցներով, մյուս կողմում՝ Անդրանիկ Քոչարյան- Դավոյան զույգը և ՔՊ-ի` իրենց գաղափարական թև հռչակածները, որոնք անհանդուրժողականությամբ են լցված հեղափոխությունից հետո մինի օլիգարխներ դարձած խմբի նկատմամբ` ԱԺ նախագահի գլխավորությամբ»,- ասված է հրապարակման մեջ։
Լրատվականը հիշեցրել է, որ ՔՊ նիստում քննարկվել են նաև պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Հերիքնազ Տիգրանյանի թեկնածությունները, սակայն նրանք հրաժարվել են, մինչդեռ Ջուլհակյանը տատանվել է և նրան փորձում են համոզել։
Թերթի տեղեկություններով՝ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իրեն թույլ տալ Արդարադատության նախարարի թեկնածու առաջարկել։ Նա խոստացել է, որ պատասխանատվություն կկրի այս ոլորտի համար և կբարելավի արդարադատության մակարդակը երկրում, սակայն Փաշինյանը հստակ պատասխան չի տվել, գրել է թերթը։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Մինասյանի հրաժարականի համար։ Պատգամավորը նշել էր, որ նախաձեռնության հեղինակները նախատեսում են դիմել վարչապետին՝ Մինասյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը քննարկելու նպատակով: Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել Արդարադատության նախարարին:
«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 3-ին տեղեկացրել էր, որ Մինասյանի հրաժարականի պատճառը կարող էր լինել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Քոչարյանի պահանջը չկատարելը: