Իշխանությունները քննարկում են Հանրային հեռուստաընկերության տնօրենի թեկնածություների հարցը, գրել է «Հրապարակ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Թերթի տեղեկություններով՝ քննարկվող թեկնածուների թվում է «Քաղաքացիական պայմանագրի» նախկին պատգամավոր, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանը։
Լրատվականը հիշեցրել է, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի պաշտոնավարման ավարտին մոտ մեկ տարի է մնացել։ Մովսիսյանն այս պաշտոնում ընտրվել է 2020 թվականի նոյեմբերին՝ 5 տարի ժամկետով։ Թևոսյանը, ով «Հայկական ժամանակ»-ի խմբագիր Լուսինե Բարսեղյանի ամուսինն է, 2021 թվականին նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով։
«Հրապարակի» հետ զրույցում Թևոսյանը նշել է, որ Մովսիսյանն արդյունավետ է աշխատում և չի բացառել, որ հետագայում նրա պայմանագիրը երկարաձգվի։
«Առայժմ որևէ տեղ չի քննարկվում տնօրենի հնարավոր նոր թեկնածություն, ինքս բացարձակ նման մտադրություն չեմ ունեցել, որևէ տեղ նման ցանկություն չեմ հայտնել և որևէ տեղից նման առաջարկ չեմ լսել»,- Թևոսյանի խոսքերն է մեջբերել թերթը։