Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի՝ Հայաստանը «շահագրգռված չէ տևական խաղաղությամբ և ձգտում է պահպանել այս իրավիճակը որպես պահեստային տարբերակ»։
Հաջիզադեն կոչ է արել Հայաստանին «խուսափել հակասական հայտարարություններից և սադրիչ քայլերից»։
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ընդգծել էր, որ ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանալ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա։ «Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի»,- նշել էր խոսնակը։
Հոկտեմբերի 4-ին Ալիևը Հայաստանին զգուշացրել էր «դադարեցնել վտանգավոր խաղերը»։ Նա հայկական կողմին մեղադրել էր «մի կողմից խաղաղության մասին խոսելու, մյուս կողմից՝ սպառազինություն ձեռք բերելու մեջ»։