Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություն աջակցել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին, կոչ արել լուծել ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Բանաձևում կարևորվել է Լեռնային Ղարաբաղից 115 հազար բռնի տեղահանված փախստականներին շարունակական հումանիտար աջակցության ապահովումը, գերիների, ինչպես նաև անհայտ կորածների խնդիրների լուծումը։
Նշվում է, որ ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, որ կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։
Բանաձևում ընդգծվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։
«Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում և միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև խրախուսել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՖՄԿ-ն վերահաստատել է Լեռնային Ղարաբաղում մշակութաjին ժառանգության ոչնչացման առնչությամբ մտահոգությունը և Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացման հարցում անդամ երկրների աջակցությունը։
Բանաձևը շեշտել է նաև Հայաստանում տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) կարևորությունը և սահմանամերձ տարածքներում կայունության գործում վերջինիս ներդրումը։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին:
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին իր ելույթում հայտարարել էր, որ Ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը դրական ազդակ կհաղորդի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։