Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի և Ֆրանսիայի հասցեին մեղադրանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովում ընդունված բանաձևի համար, որում կարևորվել էր Բաքվում պահվող հայ գերիների, ինչպես նաև անհայտ կորածների խնդիրների լուծումը, կոչ էր արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ պաշտոնական Բաքվի մոտ «խորն ափսոսանք է առաջացրել այն, որ Հայաստանը, Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ և հովանավորությամբ, չարաշահում է անդամ պետությունների միջև մշակութային-հումանիտար համագործակցության մանդատ ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը»։
«Ֆրանսիան չարաշահել է ՖՄԿ-ում նախագահության կարգավիճակը, որպեսզի այդ կազմակերպության գագաթնաժողովի բանաձևում ներառեն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված դրույթներ այն դեպքում, երբ Ադրբեջանը ՖՄԿ անդամ չէ»,- նշեն են Բաքվում։
Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրել է միջազգային հանրությանը «կեղծ նարատիվներ պարտադրելու մեջ»։ Բաքվում ընդգծել են, որ այդ հարցում Ֆրանսիան բացահայտ աջակցում է Հայաստանին։
«Այն, ինչ տեղի ունեցավ ՖՄԿ շրջանակներում, պետք է գնահատել որպես Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, Ֆրանսիայի կողմից Հայաստանին իր նեղ շահերի համար օգտագործելու ձգտում։ Ադրբեջանը Հայաստանին կոչ է անում հրաժարվել նման սադրիչ քայլերից և դրսևորել քաղաքական կամք ու պատասխանատվություն՝ կարգավորման գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու ճանապարհին մնացած խոչընդոտները վերացնելու համար։ Հայաստանն, առաջին հերթին, ուղղումներ պետք է կատարի իր Սահմանադրության և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող այլ օրենսդրական ակտերում: Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ շարժվել կարգավորման գործընթացի ավարտի ճանապարհով, կա՛մ շարունակել առճակատումը բոլոր ուղղություններով»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Հոկտեմբերի 5-ին գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել էր «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություն համերաշխություն էր հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։ Բանաձևում ընդգծվել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համահունչ երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։
ՀՀ վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին:
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի 45-րդ նախարարական համաժողովին իր ելույթում հայտարարել էր, որ Ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը դրական ազդակ կհաղորդի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։