Երևանի և Բաքվի միջև կնքված հաշտության պայմանագիրն ավելի բարձր իրավական ուժ կստանա, քան ցանկացած ներքին օրենք, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Նա այսպես է մեկնաբանել Ադրբեջանի կողմից հնչեցրած ռազմատենչ հռետորաբանությունը։
Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանը «պետք է ընտրություն կատարի»՝ կարգավորման գործընթացն ավարտելու կամ «բոլոր ուղղություններով առճակատումը շարունակելու» միջև։
«Երբ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիրն ստորագրվի, ՍԴ-ի կողմից ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացություն և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք»,- պարզաբանել է ԱԳՆ խոսնակը։
Հետևաբար, ըստ Բադալյանի, խաղաղության պայմանագրի ստորագրումը կփարատի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները երկու երկրների օրենսդրական տարբեր ակտերի վերաբերյալ, եթե այդպիսիք կան։
««Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում կա հոդված այն մասին, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են այդպիսի պահանջներ չառաջադրել ապագայում: Կա նաև հոդված, որ կողմերից որևէ մեկը խաղաղության պայմանագրի իրագործումը ձախողելու համար չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը»,- եզրափակել է նա:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցին, մեղադրել Երևանին «լայնածավալ սպառազինության» մեջ և ասել, որ ինքը «նախազգուշացնում է Հայաստանին վերջ տալ այս վտանգավոր խաղերին»։ Նա հայկական կողմին մեղադրել էր «մի կողմից խաղաղության մասին խոսելու, մյուս կողմից՝ սպառազինություն ձեռք բերելու մեջ»։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ընդգծել էր, որ ագրեսիվ հռետորաբանության փոխարեն պետք է կենտրոնանալ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու և մյուս հարցերի շուրջ ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղության պայմաններում բանակցելու վրա։