ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության, 1lurer.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին»,- նշել է Բադալյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Ըստ գերատեսչության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի: Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին շրջանի հիմնական զարգացումներին:
Նշվում է, որ Միրզոյանը կարևորել է Մեղրի քաղաքին 2026 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ տալու որոշմանը՝ ընդգծելով նաև քաղաքի հնագույն մշակութային ժառանգությունը: Անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 2025թ․ անցկացվելիք միջոցառումներին՝ նախարարը շեշտել է ֆաշիզմի, ռասսայական խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարում հայ ժողովրդի ունեցած ներդրումը։