«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արդարադատության նախարարի թեկնածու է դիտարկում ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանին ու Արուսյակ Ջուլհակյանին, գրել է «Հրապարակ»-ը։
Լրատվականը հայտնել է, որ հոկտեմբերի 8-ի երեկոյան ՔՊ վարչության նիստում կընտրեն նախարարի թեկնածուին:
Ըստ թերթի՝ հոկտեմբերի 7-ին ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել է առաջարկից և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հայտնել, որ բացարկ է ներկայացնելու, քանի որ չի ուզում լքել խորհրդարանը:
Թերթի տեղեկությամբ՝ Դավոյանը կարծում է, որ կստանա ՔՊ վարչության մեծամասնության քվեն։
«Բնականաբար, Փաշինյանն էլ խանդավառված չէ Դավոյանի թեկնածությամբ և, հնարավոր է, վարչությունը որոշի փակ քվեարկությամբ մերժել նրան։ Վերնախավի տրամադրություններին հակառակ՝ Դավոյանը գիշերուզօր պատրաստվում է «քննությանը», անգամ նախարարության ռազմավարություն, տեսլական է պատրաստվում ներկայացնել կուսակիցներին, թե ինչպես է ղեկավարելու ոլորտը»,- գրել է թերթը։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել ԱՆ ղեկավար Գրիգոր Մինասյանի հրաժարականի համար։ Պատգամավորը նշել էր, որ նախաձեռնության հեղինակները նախատեսում են դիմել վարչապետին՝ Մինասյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը քննարկելու համար:
Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել Արդարադատության նախարարին: