Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունն արդեն պատրաստ է, հայտնել է «Ժողովուրդը»՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ զեկույցը վերջնական ամփոփման փուլում է, սպասում են հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքներին։
Ըստ կանոնակարգի՝ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պետք է հոկտեմբերին նամակով դիմի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որպեսզի վերջինս զեկույցը ներկայացնելու համար դռնփակ նիստ նախաձեռնի։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ դրանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն պետք է քննարկվի Ազգային ժողովի նիստում:
2020թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով Քննիչ հանձնաժողովն ստեղծվել էր 2022թ․ հոկտեմբերի 10-ին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:
Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգվել էր 2022թ․ հոկտեմբերի 5-ին՝ 6 ամիս ժամկետով և մայիսի 2-ին՝ կրկին 6 ամիս ժամկետով։ Հանձնաժողովի լիազորությունները դադարեցվել էին 2024թ․ դեկտեմբերի 3-ին։