Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը դեռ չեն ծրագրում հանդիպում անցկացնել Մոսկվայում՝ Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը կարգավորելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ո՛չ, եռակողմ հանդիպման շուրջ չեն պայմանավորվել»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Նման գաղափար կար, բայց այն ոչ ոք չաջակցեց»,- ասել է Ուշակովը։
Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ Մոսկվան «չի առարկել նման ձևաչափին»։
Սեպտեմբերի 13-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Փաշինյանը մասնակցելու է հոկտեմբերի 7-8-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ 2023 թվականին Փաշինյանը մասնակցել էր Սանկտ-Պետերբուրգում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։