Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը հայտարարել է վերջին ամիսներին Երևանի և Մոսկվայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության մասին։
«Ես շատ ուրախ եմ փաստել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել»,- ասել է նա։
Փաշինյանը հավելել է, որ հայ-ռուսական օրակարգի բոլոր հարցերը հնարավոր էր քննարկել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Երևան կատարած վերջին այցի ընթացքում (սեպտեմբերի 13-ին) և Երևանում հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:
«Այսօր, իհարկե, շատ լավ հնարավորություն է ինչ-որ կերպ ամփոփելու այս քննարկումները։ Ես շատ ուրախ եմ այս հնարավորության համար»,- ամփոփել է Փաշինյանը։