Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում շոշափել է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի թեման, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը նրանցից յուրաքանչյուրի հետ դեմ առ դեմ խոսել է առանձին։ Ավելին, նախագահը հավանաբար կեսական ժամ խոսել է, ուստի այնտեղ, հավանաբար, կարծիքների փոխանակում էր։ Դե, երևի շոշափվել է նաև «Զանգեզուրի միջանցքի» թեման»,- նշել է Պեսկովը։
Օգոստոսի 7-ին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև համաձայնության մասին՝ խաղաղ բանակցություններում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման քննարկումը հետաձգելու վերաբերյալ։
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր խաղաղության պայմանագրի 16 հոդվածներից 13-ի վերաբերյալ համաձայնության մասին։ Նա ընդգծել էր, որ միջանցքի ստեղծումը և դրա նկատմամբ վերահսկողությունը որևէ այլ կողմի հանձնելը չի քննարկվում։
Օգոստոսի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Երևանը սաբոտաժի է ենթարկում Հայաստանի Սյունիքի մարզով կոմունիկացիաների մասին ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։
Սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարի օգնական և Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկրում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպմանը դեմ էր արտահայտվել կովկասյան տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։
Սեպտեմբերի 5-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ հարևանների տարածքային ամբողջականությանն սպառնացող ցանկացած վտանգ կամ սահմանների վերագծում Իրանի համար կարմիր գիծ է։ Սեպտեմբերի 8-ին Իրանի խորհրդարանի պատգամավոր Ֆադահոսեյն Մալեքին հայտարարել էր, որ Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ռուսաստանի ցանկությունը «թիկունքից հարված» է և «միանգամայն անընդունելի» է Իրանի համար։