«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բողոքի ակցիա է անցկացրել Գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար և Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի «ՀՀ սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվել էին ոչ իրավական»։
«Մեր այստեղ գտնվելու պատճառն այն է, որ գործընթաց սկսվի Արցախի մեր բնակչության նկատմամբ նախ ցեղասպանության գործիք հանդիսացած Ադրբեջանի կառավարության կամ նախագահի և նրանց հանցակից՝ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցրածի հանդեպ։ Մեկ տարի և ավելի առաջ Արցախից մեր քույրերն ու եղբայրներն էթնիկ զտման ենթարկվեցին, որն իր մեջ պարունակեց ցեղասպանության տարրեր, և դրա գնահատականը տրվել է միջազգային հարթակներում»,- ասել է Գալստանյանը։
Նա շեշտել է, որ ՔԿ-ն իրադարձությունների առնչությամբ գործ էր հարուցել, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ կարգավիճակում է այս պահին այդ գործը, կարճվե՞լ է, թե՞ ոչ։
Գալստանյանը վտանգավոր է որակել երկրում կատարվող իրադարձությունները, մասնավորապես՝ ՍԴ որոշումը և ՄԱԿ ամբիոնից Փաշինյանի հնչեցրած թեզերը։
«Որևէ Սահմանադրություն չի կարող պատերազմական թեզեր պարունակել, որևէ խաղաղության պայմանագիր չի կարող հակասել երկրի Սահմանադրությանը։ Մեր երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի ՀՀ սահմանադրության Անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական»,- ասել է նա։
Նա հավելել է, որ պահանջում է նաև քրեական գործ հարուցել ՍԴ որոշման առնչությամբ, որով ՍԴ-ն փաստացի հայտարարում է Հայաստանի Անկախության հռչակագրի դրույթների անօրինականության մասին։
Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի վերջին հաստատել էր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Ավելի ուշ ՍԴ կայքում հրապարակվել էր որոշման ամբողջական տեքստը, որում դատարանը մեկնաբանել էր այն հարցը, թե արդյոք Հայաստանի Անկախության հռչակագրի որոշ դրույթներ սահմանադրական ուժ ունե՞ն։ Ըստ Սահմանադրական դատարանի, Հռչակագրի վերաբերյալ եզրակացությունները վերացնում են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» հրամանագրի հիման վրա Հայաստանի անկախության հռչակման մասին դրույթի հետագա քննարկման անհրաժեշտությունը։
Գալստանյանը հայտարարել է՝ պահանջում են, որ Գլխավոր դատախազն իջնի և գործընթացների վերաբերյալ բացատրություն ներկայացնի։
«20 րոպե ժամանակ ենք տրամադրում և պահանջում ենք այս քրեական գործի մասին բացատրություն ներկայացնի: Եթե չարձագանքեն, մեր գործողություններն այստեղ կշարունակենք»,- հայտարարել է նա:
Շարժման առաջնորդը չի բացառել, որ եթե առաջարկ լինի դատախազության շենքում հանդիպելու, շարժման ներկայացուցիչներից կբարձրանան վերև, սակայն պայմանով, որ քննարկմանը լրատվամիջոցները ներկա լինեն։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատախազությանն է փոխանցել հանցագործության մասին հաղորդումները։ Նա պարզաբանել է, որ ՀՀ-ում պետք է լինի Ադրբեջանի իշխանությունների դեմ քրեական գործ։ Հետևաբար՝ կարևոր է, որ հանրությունն իմանա, թե ինչ փուլում է այժմ ՔԿ-ում հարցուցված քրեական գործն էթնիկ զտումների վերբերյալ։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել 17-ը, անհետ կորել՝ 20-ը։
Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։